ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:
Այս կերպ ոստիկանության աշխատակիցները հարկադրել են իրեն բացատրություններ տալ իրականում իր կողմից չկատարված՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Ա. Թ.-ի բնակարանից գույքի գաղտնի հափշտակության փորձ կատարելու վերաբերյալ: Արդյունքում ինքը չդիմանալով կիրառված բռնություններին՝ ստորագրել է ոստիկանության աշխատակցի կազմած արձանագրության տակ:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: