Օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տևական շոգեր չեն եղել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեք խոշոր ջերմային ալիք, որոնք հանրապետություն են ներթափանցել Սաուդիան Արաբիայի տարածքից: Առաջինը եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում բարձրացել է 39-40 աստիճան, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է 41 աստիճան տաքություն»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Այնուհետև, ըստ նրա, այդ ալիքը ընդհատվել է, սակայն հուլիսի 25-ից սկսվել է երկրորդ ջերմային ալիքը, որը տևել է մինչև օգոստոսի 6-ը: Արդյունքում, օդի ջերմաստիճանը բարձրացել է 39-40 աստիճան, առանձին հատվածներում գրանցվել է 41 աստիճան, իսկ Մեղրիում ջերմաստիճանը հասել է մինչև 42 աստիճան:

«Օգոստոսի 10-ից սկսվել է երրորդ ջերմային ալիքը, որը հանրապետություն է ներթափանցել Իրաքի տարածքից: Այսպիսով, օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճան: Օգոստոսի 13-ին Երևանում (Արաբկիր կայանում) գրանցվել է 40,6 աստիճան տաքություն, իսկ Էրեբունի օդերևութաբանական կայանում՝ 40,8 աստիճան»,-նշեց օդերևութաբանը: