Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ամառային ուսումնական փուլի շրջանակում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին և պատշաճ անցկացման հարցերին:
Ներկայացնելով 2015թ. հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները՝ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձր մակարդակով անց են կացվել զինանձակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ուսումնական տարվա պատրաստության պլաններով նախատեսված միջոցառումները:
Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների, մարտավարաշարային և հրահանգչամեթոդական պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների ու շտաբային մարզումների արդյունքների վրա: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն է դարձվել մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, մարտական հենակետերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգմանն ուղղված աշխատանքների վրա: Մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինատեսակների կրակի, դիտարկման համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են ցուցադրական պարապմունքներ: Իրականացվել են հենակետերի լրակահավորմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելու նպատակով, թարմացվել է ենթակա զորամասերի ուսումնանյութական բազան, լայն թափ են ստացել զինվորական կարգապահության և բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումները:
Զորամիավորման հրամանատարն արձանագրել է, որ հրամկազմի և կայազորային ռազմական ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերի արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 25 տոկոսով նվազել է կարգազանցության հակում ունեցող զինծառայողների թիվը: Նվազել են նաև արտակարգ դեպքերն ու պատահարները:
Ամփոփելով զեկույցը՝ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն ընդգծել է, որ բանակային զորամիավորման ենթակա զորամասերն ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանների և կատարելու առաջադրված խնդիրները: Հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են նաև ընթացիկ խնդիրներն ու առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային հիմնական ուղղությունները:
Զինված ուժերում ամառային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ` խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական ընթացքին, դրանց պատճաշ կազմակերպման հարցերին, որոնց վերաբերյալ տեսակապի միջոցով հակիրճ զեկույցներ են ներկայացրել բանակային զորամիավորումների հրամանատարները: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից տրվել են որոշակի ցուցումներ և հանձնարարականներ: