‹‹Բանակային›› 7 օրերից առաջինի պատմությունն արդեն գրված է: Օգոստոսի 14-ին վաղ առավոտյան, Հայաստանի, Արցախի և Ջավախքի տարբեր բուհերում սովորող 100-ից ավելի ուսանողներ մեկնեցին Արցախ՝ մասնակցելու ‹‹Համաբուհական բանակում 2015››-ին, որի նպատակն է գիտահանրամատչելի սեմինարների, ինտելեկտուալ խաղերի, ավանդական պարերի միջոցով ավելացնել ուսանողների գիտելիքների պաշարը: Միավորել ՀՀ բուհերում, Ջավախքում և Արցախում սովորող երիտասարդներին՝ տարաբնույթ խաղ-մրցույթների միջոցով ընձեռնել անմիջական շփման հնարավորություն:
Մինչ Արցախի Տող գյուղում գտնվող ‹‹բանակային›› ճամբար հասնելը, մասնակիցներն այցելեցին Խնձորեսկ՝ գտնելով բանակային›› կյանքի առաջին բացահայտումները :
Արցախ հասնելուն պես տրվեց ‹‹Համաբուհական բանակում 2015››-ի պաշտոնական մեկնարկը: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ծրագիրը հայտարարելով պաշտոնապես բացված:
‹‹ Այս ծրագիրը մեծ նշանակություն ունի բոլորիս համար, որովհետև մասնակիցներից յուրաքանչյուրը դառնալու է Արցախի պատմության կրողը: Նրանք, ներգրավված լինելով Արցախի 5 մելիքություններից յուրաքանչյուրի անունը կրող ջոկատում, հասկանալու են՝ ինչ ժառանգություն ենք ստացել, որը կրկնապատկում է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու ցանկությունը ››,- նշեց նա:
Մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեց նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը, ով ներկայացրեց նաև ուսանողական բանակումի կանոնակարգը, որից հետո ուսանողները բաժանվեցին ջոկատների և սկսեցին հարմարվել ‹‹բանակային›› կյանքին:
‹‹Համաբուհական բանակում 2015›› -ը կազմակերպվել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի, Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:


