«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը օրերս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին հորդորել է հրաժարվել խմբի ղեկավարի պաշտոնից: Ըստ այդ լուրերի՝ դեսպանը Նաղդալյանին ասել է՝հաշվի առնելով այն փաստը, որ նա ռուսական «Գրիբայեդով» ակումբի անդամ է, չի կարող ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը: Հերմինե Նաղդալյանն էլ հետևել է դեսպանի հորդորին ու հրաժարական է ներկայացրել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Ավելին՝ նա այդ նշանակումից բավականին ոգևորվել է և հատուկ այդ առիթով Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների համար «բանկետ» է կազմակերպել, որին հրավիրված է եղել նաև դեսպան Ռիչարդ Միլզը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝այդ խնջույքին, ի թիվս մի շարք պատգամավորների, մասնակցել են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանը, իսկ ՀՀԿ-ից՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Ռուզաննա Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավարն է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: