«Հրապարակ» թերթը գրում է. «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի դեպքով հարցաքննվել է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանը պատմել է, թե ինչի շուրջ է կոնֆլիկտ եղել, նա նշել է, որ չի առևանգել Արսեն Ավետիսյանին, պայմանավորված են եղել, հանդիպել են, ու կոնֆլիկտ է ծագել։ Արսեն Ավետիսյանը մասամբ է ցուցմունք տվել, քանի որ նրա քիթը «գիպսի» մեջ է, դեռ չի կարողանում հստակ խոսել, քիչ բան է պատմել իրավապահներին։

Փոխարենը, երկար և հանգամանալից ցուցմունք է տվել նրա կինը՝ Իզաբելլա Մելքումյանը։ Նա եղել է Ջերմուկում, Արսեն Ավետիսյանի եղբորից է իմացել դեպքի մասին և անմիջապես ահազանգել է ոստիկանություն, լրատվամիջոցներին։ Դեպքով առայժմ հետաքննություն է ընթանում, իրավապահներն սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այն հանգուցալուծելու համար։ Մասնավորապես, նախագահի խոսքից է կախված՝ գործ կհարուցվի, թե ոչ, ինչ հոդվածով, և ովքեր կանցնեն գործով՝ միայն թիկնապահները, թե նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Այս հարցով քաղաքական որոշում երեկվա դրությամբ դեռ չի կայացվել, սակայն երկար սպասել չեն տա՝ առաջիկայում հստակություն կմտցվի։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: