Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերում շարունակվում է փոփոխությունները. պաշտոնի չարաշահուման, կոռուպցիայի ու կամայականության մեղադրանքներով պաշտոններից հեռացվել են 30-ից ավելի բարձրաստիճան զինծառայողներ, իսկ 5 բարձրաստիճան սպաներ ձերբակալվել են:

Այս մասին փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Վերջին օրերին  պաշտոններից հեռացված մի խումբ բարձրաստիճան սպաներն են. զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության պետ, ռազմաօդային պաշտպանության զորքերի պետ, գնդապետ-լեյտենանտ Թոֆիգ Աբբասովը, գնդապետ Քամրան Մալիքովը, զինված ուժերի վառելիքի ծառայության պետ, գնդապետ Հուսեին Վալիեւը, զինված ուժերի զրահապատ տանկային ծառայության պետ, գնդապետ Էլխան Հուսեյնովը, զինված ուժերի մթերքի ծառայության պետ, գնդապետ Մալիք Գուրբանովը, զինված ուժերի հրթիռա-հրաձգային զենքերի պետ, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Յագուբ Ահադովը:

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև զինված ուժերի գլխավոր տեսչական վարչության 25-ից ավելի բարձրաստիճան սպայական ամբողջ կազմը: 

Աշխատանքից հեռացվածների թվում է, գեներալ-մայոր, ազգային հերոս Ֆահրադդին Ջաբրայիլովը:

Ադրբեջանի զինված ուժերից բոլոր հեռացվածները այդ պաշտոններին նշանակվել են Զաքիր Հասանովի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:

Պաշտպանության նախարարությունում ապօրինություններ թույլ տալու մեղադրանքով աշխատանքից հեռացվել է ՊՆ նյութա-տեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գորխմազ Գարաեւի մորաքրոջ որդին` շինարարական աշխատանքների գծով վարչության պետ, գնդապետ-լեյտենանտ Գահրաման Աղաևը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս փոփոխություններ են եղել Ադրբեջանի ՊՆ-ում․ թիկունքի գծով փոխնախարարին ազատել են պաշտոնից։