2015-2016 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` օգոտոսի 24-29-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ՀՀ մարզեր կմեկնեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանը և Կարինե Հարությունյանը, նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին կայցելի ՀՀ Տավուշի, օգոստոսի 25-ին` Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր, իսկ օգոստոսի 28-ին և 29-ին ներկա կլինի Երևան քաղաքի և ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը:
Մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին: