Ինչպես հայտնել ենք, վերջին շրջանում ինտենսիվացել են Ադրբեջանի կողմից ԼՂՀ հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները, ինչի արդյունքում եղել են նաև զոհեր: Ընդ որում, հակառակորդը կիրառում է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետներ:
YerevanNews.am-ը կապ հաստատեց քաղաքագետ, պատմաբան և դիվանագետ Արա Պապյանի հետ, ով Բաքվի դրսևորած ակտիվությունը մեկնաբանեց հետևյալ կերպ.
- Կարծում եմ, մի շարք պատճառներ կան․ ներքաղաքական պատճառ կա, երբ Ադրբեջանում որոշակի սրացումներ են տեղի ունենում, արտաքին շեղող գործոններ պետք է առաջ գան։ Այժմ լրագրողների դատավություններ են ընթանում, Եվրոպական օլիմպիական խաղերը չտվեցին իրենց սպասած արդյունքը, նավթի գնի անկումը բերեց տնտեսական և բյուջետային խնդիրների, հետևաբար այս արտաքին շեղումները պետք են։
Կարծում եմ նաև արտաքին գործոններ էլ կան: Հարավային Կովկասում որոշ երկրներ կան, որ ապակայունացնում են իրավիճակը, որովհետև իրենց ձեռք չի տալիս, օրինակ՝ իրանական նավթի կամ գազի, կամ ադրբեջանական գազի շուկա մուտք գործելը։ Դրանք են պատճառները։
Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞վ կավարտվի լրագրողների հանդեպ տարվող դատավարությունը:
- Ինչպես մյուսներին են դատել, սրանց էլ կդատեն, կնստացնեն: Ասում են՝ ջուրն ընկածը անձրից չի վախենում. Ադրբեջանին արդեն մեռան քննադատելով․․․մի լրագրող, երկու լրագրող ավել կամ պակաս առանձնապես բան չի փոխում։ Դրա համար իրենք մինչև վերջ կգնան։
Ալիեվը այսօր շատ ավելի կոնկրետ խնդիր է լուծում։ Նա իր սեփական իշխանությունը պահելու հարցերն է լուծում, դրա համար էլ ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։
Միջազգային կառույցների քննադատությունները ազդեցություն չեն ունենա՞:
- Չէ, դե Ադրբեջանը ԵԱՀԿ գրասենյակ փակեց. այսինքն մի մարդ, որ արդեն դրան գնացել է, մնացածը շատ ավելի մանր հարցեր են։ Նա արդեն անցել է այդ սահմանագիծը, երբ ինչ-որ կերպ իր վրա կարող էին ազդել կարծիքները։