Աշունը հագեցած կլինի Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներով։ Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին անցկացվելու են գիտաժողովներ, մրցաշարեր, հուշ ցերեկույթներ ու Ազգային հերոսի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։
Այդ առթիվ օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվեց հոբելյանական հանձնաժողովի նիստ, որին մասնակցեցին նաև Թաթուլ Կրպեյանի հարազատները:
Նիստի ընթացքում ներկայացվեցին առ այսօր կատարված աշխատանքներն ու անցկացված միջոցառումները։
Հոբելյանական հանձնաժողովի քարտուղար Վարդան Ավետիսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ ըստ ծրագրի նախատեսված 28 միջոցառումներից 14-ն արդեն իրականացվել են: Մասնավորապես՝ նորոգվել է Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանը, կազմակերպվել են համերգային ծրագրեր, գիտաժողովներ, հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով տարածվել են տեղեկատվական նյութեր, իսկ այս պահին կատարվում են Ազգային հերոսի հուշահամալիրի շրջակայքի բարեկարգման աշխատանքներ։ Սեպտեմբեր ամսին Երևանում կբացվի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի, կանցկացվի Ազգային հերոսի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային հուշամրցաշար, հոկտեմբերին էլ Երևանի պետական համալսարանում կկազմակերպվի կոնֆերանս։
Ըստ միջոցառումների ծրագրի՝ տոնակատարությունների եզրափակիչ փուլում նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին։
Երևանի Պետական համալսարանի «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը նույնպես այս տարի նվիրված կլինի հերոսի հիշատակին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամփոփելով հանձնաժողովի նիստը, տվեց համապատասխան ցուցումներ: