Խստորեն դատապարտում ենք երեկ Հանրապետության Հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը: Թեև քաղաքացիներն այս պահի դրությամբ մեզ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը` սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպքի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու և ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ցանկանում ենք վստահ լինել, որ թե Հանրապետության Հրապարակում գտնվող և թե այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլևս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, և կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները:

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

Նշված տեսանյութը կարող եք դիտել այստեղ: