ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակի առթիվ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակի առթիվ:

Քառորդ դար առաջ այս օրն Անկախության հռչակագրի ընդունումով աշխարհին հնչեցրինք մեր վճռական ազդականչը, որը մարմնավորում էր անկեղծ իղձ, անկասելի ցանկություն և անբեկանելի ձգտում: Այն օբյեկտիվ իրականության վավերացումն էր ժամանակի և հասունացած ժամանակի ամրագրումը՝ իրականության մեջ:

Անկախության հռչակագիրը ոչ թե երազել պարտադրող, այլ երազանքից ծնված փաստաթուղթ էր, որը գործնական հիմքի վրա դրեց այն, ինչ կար ինքնիշխանության ճանապարհն ընտրած ժողովրդի մտքում, հոգում և սրտում: Հռչակագիրը պաշտոնապես անցյալից հյուսեց, ներկայի մեջ ձևակերպեց և ապագային ուղղեց կենսակերպի մեր ըմբռնումը, որը մշտապես ապրում էր մեր մտածողության մեջ, մեր արժեհամակարգում և հոգեկերտվածքում, բայց տարբեր պատճառներով իրականություն չէր դարձել կամ ունեցել էր ժամանակավոր բնույթ:

Մենք հռչակեցինք, որ չենք մոռանում երեկը, չենք ժխտում այսօրը, բայց մեզ արժանի ենք համարում և հաստատակամ ենք ունենալ ավելի լավ ապագա, ստեղծել, կառուցել այն սեփական ձեռքերով, հոգու, մտքի և մարմնի ուժով: Հռչակեցինք և վստահորեն դա ամրագրեցինք հռչակագրի ընդունումից շուրջ մեկ տարի անց անցկացված համաժողովրդական հանրաքվեով, հռչակեցինք, որ մենք` որպես ժողովուրդ, ի տարբերություն ոմանց, ժամանակավոր չենք եղել պատմության ոչ մի փուլում և մեր ներուժով, կենսատենչությամբ ու նպատակասլացությամբ մշտական ներկայություն ենք ունենալու համաշխարհային ասպարեզում:

Սիրելի հայրենակիցներ, 25 տարի առաջ Հայաստանի խորհրդարանը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Անկախության հռչակագիրը՝ կանգնելով նոր պետության ստեղծման, նոր երկրի կառուցման ակունքներում: Հռչակագիրն առաջին իրավական հիմնաքարն էր հայոց խորհրդարանի նորօրյա պատմության մեջ: Այսօր էլ բարձրագույն օրենսդիր իշխանությունն իր սահմանադրական գործառույթներով հետևողականորեն շարունակում է իրացնել անկախության հռչակագրի դրույթները, հռչակագիր, որը քառորդդարյա՝ երբեք հեռու չթվացող տարածության վրա էլ առաջնորդում է մեզ, պարտավորեցնում երբեք չդադարել լավատեսությամբ առաջ նայել և հաստատակամորեն առաջ շարժվել, այլապես այսօրը կարող է անհուսալի թվալ, իսկ վաղվա օրը՝ անհասանելի լինել: Մենք պարտավոր ենք լավատես լինել և այդ լավատեսությունը լիցքավորել շոշափելի քայլերով, տեսանելի հաջողություններով ու մեզ միշտ հասանելի հաղթանակներով:
Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և ամենայն բարիք»: