Դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ։ Ցավոք, մեր ընտանիքն էլ չի խուսափել նման պատահարից։ Ցավում եմ կատարվածի հետ կապված։ Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը:
Նա նաեւ նշել է. «Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետեւում ընթացքին ու անաչառությանը:
Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր:
Խնդրում եմ՝ անհարկի շահարկումներով, իրականության հետ կապ չունեցող գունավորումներով չավելացնել մեր ընտանիքի ցավը: Առաջին հերթին տուժողի ընտանիքի:
Փառք ենք տալիս Աստծոն, որ հնարավոր եղավ խուսափել վատագույն սցենարից»:
Նշենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 23:35-ին ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Պարզվել է, որ «Տոյոտա Կորոլա» մանիշի 058 ՕՕ 11 պ/հ ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Օպել Զաֆիրա» մանիշի 76 SS 076 պ/հ ավտոմեքենայի վարորդ` 28-ամյա Է. Ս.-ին, ով, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: