Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները իրենց հետքն են թողնում թե՛
զարգացած, թե՛ զարգացող երկրների տնտեսությունների վրա: Կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսական աճի դանդաղ տեմպերը կշարունակվեն:
Նավթի գնի անկման և տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում կանխատեսվում է, որ Ռուսաստանում կդիտվի տնտեսական անկում՝ 3.2 տոկոսի չափով, որը կշարունակվի մինչև 2016թ-ի վերջը: Նավթի գնի անկումը և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցները մեծ հարված են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, ինչի արդյունքում ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել, իսկ ԱՄՆ դոլարը՝ ավելի ու ավելի ամրապնդել դիրքերը ռուբլու նկատմամբ:
Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության զարգացման ընթացքի վերաբերյալ անորոշությունները և ռիսկերը ավելի նշանակալի են դարձել: Մի կողմից դրանք պայմանավորված են ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացման սպասումների հետևանքով զարգացող երկրներից կապիտալի արտահոսքով դեպի ԱՄՆ, ինչը կդանդաղեցնի զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերը և կմեծացնի արժույթների տատանողականությունը: Մյուս կողմից, աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը ունեցող երկրում՝ Չինաստանում, վերջին տարիներին դիտարկվել է արագ տնտեսական աճի կտրուկ դանդաղում, ի տարբերություն երեք տասնամյակ տևած երկնիշ տնտեսական աճին:
Ըստ Չինաստանի ազգային վիճակագրական գործակալության՝ տնտեսական իրավիճակը դեռևս շարունակում է բարդ մնալ և համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման ֆոնին Չինաստանի տնտեսության կայունացման հիմնական բաղադրիչները ամրապնդման կարիք ունեն: Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը ռիսկեր է առաջացնում համաշխարհային տնտեսության աճի լրացուցիչ դանդաղեցման և պարենային ու հումքային ապրանքների միջազգային գների անկման ըեսանկյունից:
Այս պայմաններում Իրանի մուտքը նավթային շուկա նոյնպես ռիսկեր է առաջացնում՝ նավթի գինը կարող է կտրուկ անկում ապրել և միջնաժամկետ հեռանկարում ցածր մակարդակում մնալ:
Համաշխարհային տնտեսության՝ նման դանդաղ աճի ու տնտեսական ռիսկայնության պարագայում ՀՀ տնտեսական աճի տեմպերը, հատկապես 2015թ-ի առաջին կիսմյակում, սպասվածից բարձր են եղել՝ կազմելով 4.2 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության, և մասամբ արդյունաբերության ճյուղերի դրական զարգացումով:
Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական գործընկեր երկրների ու համաշխարհային տնտեսության դանդաղ զարգացումը՝ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն՝ սպասվում է, որ 2016թ-ին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն նույն մակարդակում, որից հետո աստիճանաբար կարագանան՝ հասնելով հավասարակշիռ մակարդակի:
Այս ամենով հանդերձ, չպետք է բացառել նաև տնտեսական և աշխարհաքաղաքական անկանխատեսելի զարգացումները, ինչու չէ նաև բնակլիմայական գործոնով պայմանավորված փոփոխությունները, որոնք կարող են փոփոխել ինչպես գործընկեր երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը:
Նարեկ Պողոսյան-Facebook