«Այո, մեր օրենքը չի արգելում խաղատուն կառուցել: Շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում: Այսինքն՝ եթե 100 մլն դոլարի ներդրում իրականացվի, ապա խաղատունը կլինի, եթե չիրականացվի, բնականաբար, խաղատուն չի լինի: Բայց դա չի խոչընդոտելու համալիրի ճարտարապետական տեսքին»,- այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վաչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով Մարզահամամերգային համալիրի մասնավորեցմանը:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Մարզահամերգային համալիրը վաճառելու մասին, միանգամից սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ տարածքում կկառուցվեն խաղատներ: Այս տեղեկությունը, սակայն, ՀՀԿ ԳՄ նիստից հետո չափազանց ջանասիրությամբ հերքում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
«Մարզահամերգային համալիրում կազինոյի շինություն, կազինոյի տեղադրում, կազինո լինել չի կարող և չի լինելու»,- հայտարարեց պարոն Շարմազանովը:
Ստացվում է Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ «չի լինելու», իսկ Արման Սահակյանն ասում է՝ «հնարավոր է»: Հուսանք, կհաղթի «արդարությունը»: