«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը շարունակում է իր տեղեկատվական արշավը: Այս անգամ նախագծի աշխատանքային խմբին հյուրընկալել էին «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի երաժշտասեր ու Կոմիտասի գործերին քաջատեղյակ մասնակիցները: Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ ծաղկաձորյան հով ու զով եղանակին բազեյականների համար հայտարարված մշակութային օրվա շրջանակներում «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց նախագծի էությունը, նպատակներն ու արդեն իսկ կատարված աշխատանքը:
«Մեր նախագծի նպատակն է պահպանել և սերունդների փոխանցել մշակութային ժառանգությունը, վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը, ձայնագրել և վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը, ինչպես նաև մեր այս հարուստ ժառանգությունը տեխնիկապես հասանելի դարձնել հանրության լայն շերտերին»,- իր խոսքում նշեց Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ արդեն իսկ իրականացված աշխատանքի արդյունքը կզետեղվի հայկական ազգային երաժշտական գանձատուփում: «Ստեղծվելու է մեծ հայկական ազգային երաժշտական գանձատուփ՝ երաժշտական արկղ՝ հագեցած ժամանակակից էլեկտրոնային նվագարկիչով, որակյալ բարձրախոսներով և պատկերային ցուցադրական հարթակով»:
Նշենք, որ նախատեսված է Գանձատուփը նվիրաբերել ՀՀ-ում ազգային և պետական նշանակություն ունեցող կառույցներին և աշխարհի տարբեր գիտահետազոտական, հասարարական հաստատություններին (օր. ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ), այսպիսով աշխարհին կներկայացվի հայկական ազգային երաժշտական հարուստ ժառանգությունը:
«Բազե» երիտասարդական հավաքի կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների երաժշտասեր ու մշակութային ոլորտի խնդիրներով հետաքրքրքրված մասնակիցներին «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի տեղեկատվական քաղաքականության պլանավորման և իրականացման աշխատանքային խմբի ղեկավար, նախագծի PR մենեջեր Հայկ Մարկոսյանը ներկայացրեց տեղեկատվական ոլորտում կատարված հսկայածավալ աշխատանքը, նախնական ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքներն ու երաժշտական շուկայում առկա բացերը, և դրանք շտկելուն միտված այսօր արդեն իրականացված գործողությունները:
«Նախապես ուսումնասիրել ենք պաշտոնական ու ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքերը, ինչպես նաև լրատվական կայքերը, որտեղ շատ հաճախ ակնհայտ էր դառնում, որ մշակույթը ոչ թե առանձին բաժին է ներկայացնում, այլ դարձել է «lifestyle», որտեղ հայկական ազգային մշակույթի մասին տեղեկատվությունը բավական քիչ մաս է կազմում»,- նշեց Հայկ Մարկոսյանը, ավելացնելով, որ նախագծի խնդիրն է նաև լրացնել այս բացը, ներարկել մշակութային որակյալ երաժշտություն:
Հիշեցնենք, որ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում ձայնագրվել է ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող 500-ից ավելի նմուշներ: Ինչպես նաև ստեղծվել է հայկական ազգային երաժշտական կայք (http://armenianmusic.am), որում զետեղված են հայկական ազգային երաժշտության գոհարները: Կայքում երգին կից կա նաև տվյալ ստեղծագործության նկարագրությունը, պատմությունը, ինչպես նաև նոտաներն ու սկզբնաղբյուրը: