Օգոստոսի 25-ին մասնակցեցի ԵՊՀ-ում այսօր կազմակերպած հանդիպմանը՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Կարծեմ՝ երբևէ նման բաց քննարկում-հանդիպում չէր կազմակերպվել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, սա գովելի փաստ է, և նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունները պիտի անցնեն լայն հասարակական քննարկումների փուլ և պիտի ընդունվեն բացարձակ կոնսենսուսով։ Հրավիրվածները հարցեր տվեցին և ստացան պատասխաններ։
Երկու նկատառում, որոնց մասին հարկ եմ համարում խոսել։
1․Մեր երկրում ժողովրդավարությունը և ազատ խոսքը բավական լայն ընդգրկում ունեն, կարծում եմ՝ որոշ իմաստով մենք անգամ առաջ ենք անցել եվրոպական շատ երկրներից, գուցե սա է պատճառներից մեկը, որ մեզանում քաղաքացիական հասարակության և, ցավոք, նաև որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ առանց աչքն իսկ թարթելու խախտում են մի շարք օրենքներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում իրենց հարցերը և դիտարկումները մեր եվրոպացի գործընկերներին ներկայացնում էին օտար լեզվով։ Պատկերացրեք՝ ինչ կստացվեր, եթե յուրաքանչյուրս մեր իմացած օտար լեզվով հարցեր ուղղեինք Վենետիկի հանձնաժողովին։ Հայավարի թիթիզանում եք, որ ի՞նչ, ախր, ձեր աչքի գերանը տեսեք էլի, կարծում եմ՝ սրա անունը կարելի է դնել տղեկական լոպազություն։ Այս թիթիզներին հարկ է հիշեցնել սահմանադրական հայտնի նորմը՝ ՀՀ-ում պետական լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ է։
Հաջորդ դիտակումս. որքան էլ քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ, հայտնի «հեղափոխական» ակունքներից կամ ակունքներ՝ ֆինանսավորող և ֆինանսավորվող, փորձում էին Վենետիկի հանձնաժողովի անդամներից մի թթու խոսք, մի քննադատություն, մի դժգոհություն պեղել Սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին, չէր հաջողվում, քանի որ Վենետիկի հանձնաժողովի անդամները սառնասրտորեն, հավասարակշռված և անկողմնակալ գնահատականներ էին տալիս առաջարկվող փոփոխություններին։ Մասնավորապես, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, որը մոտավորապես այն ենթատեքստով էր, թե ինչու մի վատ բան չեք ասում այս նախագծին, հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարթերը հայտարարեց. «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը զուրկ չի մնացել եվրոպական չափանիշներից, դեմ չէ որևէ եվրոպական ստանդարտի, իսկ նախագծի երկրորդ գլուխն ունի բավականին ժամանակակից միտումներ ու համապատասխանում է եվրոպական ժամանակակից չափանիշներին»։ Ըստ պարոն Գրաբենվարթերի.
«Աշխարհում ունենք բազմաթիվ ընտրական համակարգեր, յուրաքանչյուր երկիր փորձել է օգտագործել այս կամ այն համակարգը` մեծամասնական, համամասնական և այլն, և նպատակը հետևյալն է` ապահովել խորհրդարանի այնպիսի կազմ, որն արտահայտում է ժողովրդի կամքը»։
Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովի անդամները հարկ համարեցին նշել, որ իրենք երբեք չեն գործում սեփական նախաձեռնությամբ, իրենց դիմում են և խնդրում խորհուրդներ տալ և աջակցել։
Մարգարիտ Եսայան-Facebook