«Մենք արտահայտեցինք մեր դիրքորոշումը Սահմանադրության նախագծի վերաբերյալ, մեր մտահոգությունները կապված կայուն քաղաքական մեծամասնության ձևավորման ընթացակարգերի, ընտրիչների ինստիտուտի, քննիչ հանձնաժողովների հետ կապված խնդիրների և այլ հարցերի շուրջ»,- այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը:
- Ասեմ, որ երկուստեք ընբռնումով մոտեցումներ կային կապված այդ հարցերի հաղթահարման հետ և, բնականաբար, այդ տեքստը դեռևս վերջնական դոգմա չէ:
Մասնակցում էր նաև Կառավարական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Այնպես, որ մենք կշարունակենք մեր աշխատանքները:
Մենք նաև միանշանակ հստակեցրինք, որ «ոչ»-ի շարժմանը, բնականաբար, չենք միանում, իսկ «այո»-ի հետ կապված ԲՀԿ-ն իր քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ վերջնական որոշում կունենա, որը կլինի մոտ ապագայում: Կասեմ, որ մթնոլորտը բավական մեղմացել է և մենք գտնում ենք, որ քաղաքական մենիշխանության խնդիրը, կարծես թե, պառլամենտական կառավարման մոդելում, չնայած գործող ռիսկերին, այնուամենայնիվ էվոլուցիոն ճանապարհով որոշակիորեն լուծվում է, բաշխվում են լիազորությունները:
Համարում ենք, որ արդյունավետ հանդիպում էր: Կարծում եմ, որ որոշակի դրույթների վերաբերյալ անպայման փոխզիջումներ կլինեն: Ազգային Ժողովում նույնպես թեմայի առընչությամբ և՛ քննարկումներ են լինելու, և՛ լսումներ են լինելու: Այնպես, որ դեռ փուլեր կան, այդ փուլերը պետք է անցնենք:
Պարոն Մելքումյանը նշեց նաև, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է նախագահինը. իրենք ստացել են հրավեր, ինչպես մյուս կուսակցությունները:
Հիշեցնենք, նաև, որ Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ: