Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշենբլուանը "Le Huffington Post" պարբերականում հրապարակել է հոդված, որտեղ անդրադառնում է մարտի վերջին «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի» ստեղծման պատճառներին: Հիշեցնենք, որ այդ կազմակերպության մեջ են մտել հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչներ, այդ թվում պատգամավորներ խորհրդարանի երկու պալատներից, գործադիր կառավարության ներկայացուցիչներ:

Նրանք իրենց ուղերձի մեջ մասնավորապես կոչ էին արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ֆրանսուա Ռոշենբլուայի հոդվածում մասնավորապես այդ առթիվ նշվում է.« Լեռնային Ղարաբաղի անունը գուցե շատ բան չասի մեր քաղաքացիներին: Սակայն հենց այստեղ է 25 տարի առաջ սկզբնավորվել անկախության ժողովրդավարական շարժումը, որը բերեց ԽՍՀՄ-ի տապալմանը: Դրանից հետո Ղարաբաղը անցել է բազմաթիվ փորձարկումներ:

Մինսկի խմբի աշխատանքներին օժանդակելու, Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտելու և ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարական անցումային գործընթացը արագացնելու համար մենք ֆրանսիական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս որոշել ենք ստեղծել Լեռնային Ղարբաղի հետ բարեկամական խումբ: Այդ խումբը բաց է բոլոր բարի կամքի տեր մարդկանց, բոլոր քաղաքական գործիչների համար, որոնք մեզ նման վստահ են, որ միջազգային արդարության և տարածաշրջանային անվտանգության լավագույն երաշխիքը ժողովրդի ինքնորոշման անօտարելի իրավունքն է:

Այս ազնիվ նախաձեռնության մեջ մենք միայնակ չենք: Մեր տեսանկյունը գնալով ավելի մեծ արձագանք է գտնում: Լեռնային Ղարաբաղի բնակչության խոսքի ազատությունը անկախության համար շարժման վերջին օրինակն է, որը բերել է դարի վերջին քառորդում տասնյակ նոր պետությունների ստեղծմանը: Լիտվիայի խորհրադարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամանակ խմբի ստեղծումը վկայում է միջազգային հանրության համակրանքը այսպիսի նոր ժողովրդավարության ստեծմանը:


Մեր նպատակները պարզ են և ակնհայտ: Մենք ցանկանում ենք մեր ներդրումը ունենալ տարածաշրջանում արդարության և կայուն անվտանգության հաստատմանը: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը կրկին դառնա առևտրի կայուն, ծաղկող և դինամիկ զարգացող գոտի, և այն անխոս արժանի է այդպիսին լինելուն, քանի որ գտնվում է Եվրոպայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հատման խաչմերուկում: Մենք ցանկանում ենք վերջ տալ շրջափակմանը, որի մեջ արդեն 22 տարի գտնվում է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը և դարձնել նրան տարածաշրջանի զարգացման ծրագրի հատված Հարավային Կովկասի մյուս բնակչությունների նման: Մենք համոզված ենք, որ այդ նպատակին հասնելը անհնար է առանց բանակցությունների, վստահության վերականգման, տարածաշրջանի բոլոր պետություններում արդարության և ժողովրդավարության արժանիքների տարածման:  Հուսով ենք, որ Ֆրանսիան Կովկասին կբերի խաղաղություն և նոր հույս»: