Վերջին շրջանում քաղաքական դաշտում տեղի են ունենում նոր խմորումներ, ինչը տեղի է ունենում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի որդեգրած դիրքորոշման հետևանքով: Նախկինում ընդհանուր գործակցության ձևաչափի՝ Եռյակի շուրջ համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հայտնվել են նույն խաղադաշտի տարբեր կողմերում:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին մասնակցելուն կտրուկ դեմ արտահայտվող ՀԱԿ-ը նախկին գործընկերոջը՝ ԲՀԿ-ին մեղադրում է սահմանադրական բարեփոխումների հարցում իր դիրքորոշումը փոխելու մեջ: Սրանից կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները այլևս առաջվանը չեն և բացառված չէ, որ առաջիկայում երկու կուսակցությունների հարաբերություններն էլ ավելի սրվեն:
Մյուս կողմից, ՀԱԿ-ը խանդով է վերաբերում սահմանադրականի հարցում կոնստրուկտիվ ցանկացած մոտեցման և այս հարցում նույնիսկ չի խնայում յուրայիններին: Բացառություն չի կազմել նաև ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ում ՀԱԿ-ի ազդեցության տակ գտնվող թերթերից մեկը խիստ քննադատության է ենթարկել՝ հիշեցնելով, որ նա ընդամենը տեխնիկում է ավարտել և միայն 2011թ-ին է ընդունվել Հյուսիսային համալսարան և «Այո»-ի հաճախորդ է»: Այդ քննադատական հրապարակումը խիստ վիրավորել է Լուդմիլա Սարգսյանին:
Կարող ենք նշել, որ ՀԱԿ-ի որդեգրած մոտեցումը՝ չհանդուրժել բոլոր նրանց, ովքեր իրենց կուսակցության դիրքորոշումից տարբերվող մոտեցում են որդեգրել, կարող է հանգեցնել նրան, որ ՀԱԿ-ը քաղաքական դաշտում զրկվի իր բոլոր հնարավոր գործընկերներից: Իսկ այս հանգամանքում Կոնգրեսը ապագայի համար քաղաքական լուրջ ակնկալիքներ ունենալ չի կարող:
Միայն մի դեպքում ՀԱԿ-ը կարող է մեծացնել իր կշիռը քաղաքական դաշտում և «Ոչ»-ի ճակատ ձևավորել, եթե կառուցողական մոտեցում որդեգրի մյուս քաղաքական ուժերի հետ հարաբերություններում և փորձի որոշակի հարցերում կոնսենսուսի գալ:
Արման Ալավերդյան-Facebook