ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:

Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:
Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից՝

1.դիմում պաշտպանության նախարարին,
2.ինքնակենսագրություն,
3.բնութագիր-երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
4.տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը:
Հայտերն ուղարկել փոստով, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով՝ ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը: