Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին, Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրո - 2016-ի ընտրական փուլի Սերբիա - Հայաստան հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարզական հավաքը կավարտվի սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Սերբիա:
Ինչպես արդեն տեղակացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 23 ֆուտբոլիստների:
Նախապես հրավիրված ֆուտբոլիստների ցանկից բացակայում է Էդգար Մանուչարյանը, ով հավաքականին չի միանա ձկնամկանի վնասվածքի պատճառով: Մանուչարյանը բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը:
Արտյոմ Սիմոնյանը Երևան կժամանի այսօր երեկոյան, Հենրիխ Մխիթարյանը՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, իսկ Գևորգ Ղազարյանը՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան:
Մնացած 20 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Սերբիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը: