Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին ասաց. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի բովանդակազրկի նախագահական ընտրությունները. Ժողովուրդն ընդվզեց, սակայն քաղաքական լիդերներն ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, այդ պատճառով էլ այս ընդվզումն այսօր փակուղի է մտել»:

Վերջինս իր ելույթում նշեց, որ ակնհայտ է, որ այսօր համատարած դժգոհություն կա, իսկ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ըստ նրա, չեն մասնակցել երկրի գլխավոր քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:

«Մենք ունենք այսօր ընդվզած ժողովուրդ և բոլոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ այսպես չի կարող շարունակվել և չեն ընդունում Սերժ Սարգսյանի կեղծ ընտրությունը, կարծում եմ դրա բոլոր հիմքերը կան, պնդելու, որ այսօր ստեղծված է հեղափոխական իրավիճակ»,-իր խոսքում նշեց Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` այս իրավիճակում մեզանից պահանջվում է շատ ճշգրիտ գործողություններ, որոնք թույլ կտան թուլացնել ռեժիմի դիրքերը և ապահովել իրապես ժողովրդավարական ուժերի համար նոր նվաճումներ, բացել հեռանկարներ` ժողովրդավարության հաստատման համար:

«Այս առումով շատ կարևոր է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը: Մենք նպատակ ենք դրել մեր առջև ազատագրել Երևանը նրա քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմը երբեք այսքան ատելի դարձած չի եղել, քան այսօր, պետք է օգտվել այս իրավիճակից և պայքար սկսել ավագանու ընտրություններում` մեր հաղթանակի համար»մ-ասաց Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ սա իրատեսական նպաակ է համարում, հատկապես հաշվի առնելով այն, որ այս նպատակը կիսում են այլ քաղաքական այլ ուժեր: