Ադրբեջանի զանգվածային տեղեկատվական միջոցների եւ սոցիալական ցանցերի շրջանում Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ 2015թ. ութ ամիսների ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 50 զինծառայողի, որոնցից 21-ը զոհվել են մարտական, 29-ը՝ ոչ մարտական պայմաններում:
Ադրբեջանական լրատվամիջոցների վրա հիմնվելով՝ հետազոտությունների ինստիտուտը մանրամասնում է մահացության դեպքերը. ինքնասպանություն են գործել 8, միմյանց գնդակահարելու հետևանքով՝ 8, անզգուշության՝ 3, ձնահոսքից՝ 2, արևահարության պատճառով՝ 3, հիվանդությունից՝ 2 հոգի: Մահացածներից 44-ը պաշտպանության նախարարության, 3 հոգի՝ սահմանային ծառայության, 2-ը` արտակարգ իրավիճակների նախարարության եւ 1-ը ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ են:
Նշենք, որ «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 2014 թ. Գերմանիայում: Վերջինիս նպատակը Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում տեղի ունեցող գործընթացների վերլուծությունն ու դրանց առնչությամբ ռազմավարական կանխատեսումներ իրականացնելն է: