ՌԴ գործարար Գերման Ստերլիգովը ԼՂՀ-ից մեկնել էր Մոսկվա և անմիջապես ձերբակալվել օդանավակայանում: Վերջինս արդեն ազատ է արձակվել:
Комсомольская правда թերթը նշում է, որ գործարարի հավաստիացմամբ այդ ձերբակալության հեղինակը եղել է Ադրբեջանը, սակայն վերջինիս չի հաջողվել հասնել իր նպատակին, քանի որ ինքը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի:

Ստերլիգովը, պատասխանելով լրագրողների հարցերին, խորհուրդ է տվել ՌԴ հատուկ մեկնած ադրբեջանցի քննիչներին իր փոխարեն շփվել իրենց կանանց հետ: Նա նաև ընդգծել է, որ այնքան էլ հանդուրժող չէ թշնամու նկատմամբ, սակայն միշտ ուրախ է ընկերներին:

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում բնակված գործարարի փաստաբանը երեկ տեղեկացրել էր, որ Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո Ստերլիգովին ձերբակալել են ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Վերջինիս փաստաբանը ենթադրել է, որ դա կարող է կապված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից գործարարի նկատմամբ «սահմաններն անօրինական հատելու համար» հետախուզում հայտարարելու հետ:

Բացի այդ նշվում էր, որ Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական հատուկ խումբ է մեկնել Մոսկվա՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով։