Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով ՀԱԿ-ին ուղղված այն մեղադրանքներին, թե ինչու՞ իրենք չեն եղել «Ժառանգության» հանրահավաքներին Ազատության հրապարակում և ինչու՞ չեն միացել Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց.

«Նախ և առաջ ես չեմ փորձել այդ ուժի մասին որևէ բացասական բան ասել, ոչ մի հեգնական գնահատական չեմ տվել: Երբ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այսպիսի դիտողություններ անել: Մենք միշտ ասել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը, սա քաղաքական առումով ամենամեծագույն աջակցություն է, որ կարող էր լիներ մեր կողմից, մի կուսակցության, որի հետ ոչ այնքան նորմալ հարաբերություններ ունենք»:
Այնուհետև ՀՀ առաջին նախագահը նշեց, որ իրենց ակտիվիստները մշտապես եղել են Ազատության հրապարակում:

«Ասում են դուք ինչի չգնացիք հարթակ, մի շատ մոդայիկ հարց կա, որը մոդայի մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը, գնայի, որ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի, կներեք ուզում եք հավատացեք, ուզում ոչ, իմացեք, որ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»,-իր խոսքում նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը, հավելելով, որ իրենք միանում, աջակցում են միայն քաղաքական պրոցեսներին:

«Կլինի քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք, չի լինի, մենք այնտեղ չկանք: Մենք այս հետընտրական շրաջանում տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրեցեսից: Հիմա էլ «Ժառանգություն» կուսկացության հետ մենք պատրաստ ենք համագործակցել»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: