ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, սպանության շարժառիթը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա Վ.Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), որի շրջանակներում, կատարված սպանության կասկածանքով, ձերբակալվել է Ռ.Մկրտումյանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Մկրտումյանը Երևան քաղաքի Մարգարյան 41-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած բացովի դանակով, բազմաթիվ հարվածներ է հասցրել նշված տան բնակիչ Վ.Աղաջանյանի կրծքավանդակի շրջանում՝ սպանելով նրան:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Մկրտումյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռ.Մկրտումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Ռ.Մկրտումյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Ռ.Մկրտումյանի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա նկարագրել է տեղի ունեցած իրադարձությունները։
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: