Հայաստանում սեպտեմբերի 1-ը կարծես դպրոցական շոու լիներ: Երեկ ամբողջ ֆեյսբուքը ողողված էր մեծահարուստների, պաշտոնյաների, ճանաչված անձանց երեխաների ու թոռների ուրախ և անհոգ նկարներով: Էլ չեմ ասում, դպրոցի տնօրենների քծնանքն ու իրենց կրթական հաստատություն ոտք դրած բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ դրսևորած օճառային վերաբերմունքը: Այդ ամենն ուղղակի սրտխառնոց ու զզվանք էր առաջացնում:
Նման տեսարանների դեպքում կարող ենք «աչք փակել», սովոր ենք դրանց, բայց ինչպե՞ս աչք փակել տխուր աչքերով նայող երեխաներին, երբ նրանցից շատերն այսօր դպրոց են գնացել կամ գուցե չեն գնացել, որովհետև գրենական պիտույքներ չեն ունեցել, նոր պայուսակ չեն ունեցել, հագուստը նոր չի եղել........
Սփյուռքում դիտելով սեպտեմբերի 1-ի հայաստանյան լրատվությունը՝ մի պահ զարմանում ես՝ իյա՛, իրո՞ք, Հայաստանում արդեն ամեն ինչ լա՞վ է, տնտեսական խնդիրներ էլ չկա՞ն, պետական բյուջեն չի՞ դատարկվել, որ նման ցնծությամբ ու անհոգ դեմքերով մարդկանց էին ցույց տալիս:
Ամենաաղետալին ռեպորտաժներից մեկում ներկայացված պատկերն էր, երբ լրագրողը խնդրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին (ով այդ դպրոցի շրջանավարտներից է եղել) արտասանել Դ. Վարուժանից որևէ քառատող՝ վերջինիս «գրագիտությունը» հանրությանը ներկայացնելու համար:
Ըստ իս, ճիշտ պահն էր, որպեսզի լրագրողն իր մասնագիտական հմտությունն օգտագործեր և հարցներ Գալուստ Սահակյանին, երկրիս վարչապետին, կրթության և գիտության նախարարին, թե ինչպե՞ս են գնահատում երկրի այսօրվա տնտեսական և սոցիալական վիճակը, երբ շատ շատերի երեխաները սեպտեմբերի մեկին տխուր աչքերով են ոտք դրել դպրոց, երբ շատ ուսանողներ ուսման վարձի պատճառով չեն կարողացել ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Համոզված եմ, որ նրանց այդ թեման բոլորովին էլ չի հետաքրքրում: Նրանց միայն հետաքրքում է իրենց պաշտոնը, իրենց ընտանիքը կամ, ինչպես սովորաբար ասում են՝ մենք, մեր, մեզ, մեզանով, մերոնցով և այլն.....
Ինչ վերաբերվում է Գալուստ Սահակյանի՝ Դ. Վարուժանից որևէ քառատող չիմանալու փաստին, դա բոլորովին զարմանալի չէր:
Գայանե Մանուկյան՝ ֆեյսբուք