Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր սպասելիքներն է հայտնել  Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպման վերաբերյալ. 

«Ինձ համար մոտիվացիան հաղթանակն է։ Մեր հաղթանակները հայերն իսկական տոնի են վերածում. փողոցներում ուրախ տրամադրություն է տիրում, մարդիկ ոգևորվում են մեր հաջողություններով, նրանք ժպտում են. ուրիշ էլ  ի՞նչ է պետք։ Հենց այդ ժպիտներն են իմ ամենամեծ մոտիվացիան։

Դանիացիների հետ հանդիպմանն ավելի լավ խաղ եմ ակնկալում, քան սերբերի դեպքում։ Ճիշտ է, մեր մրցակիցը բավական ուժեղ է, բայց հույս ունեմ, որ այսօր երկրպագուներին ուրախացնելու առիթ կունենանք: Ուղղակի հարկավոր է մրցակցին ստիպել մեր կանոններով խաղալ»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը կկայանա այսօր՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Երևանի ժամանակով 20։00-ին։