ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Լրագրողի գործունեությունն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, միաժամանակ, լրագրողը կարող է իր գործունեությամբ սահմաններ գծել, ճշմարտության սահմանները, և քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, մտքի և ոգու ուժով, հաճախ նաև կյանքով պաշտպանել այն: Ձգտելով մարդկանց ներկայացնել ճշմարտությունը՝ ցավոք, մոլորակի տարբեր թեժ կետերում, ինչպես նաև խաղաղ պայմաններում զոհվում են թղթակիցներ ու ֆոտոլրագրողներ՝ մինչև վերջ հավատարիմ մնալով մասնագիտությանն ու ընտրած ճանապարհին:

Ժամանակակից արագ, այդ թվում՝ նաև տեղեկատվության ազդեցությամբ փոփոխվող աշխարհում, որը հաճախ աչքի է ընկնում նաև տեղեկատվական պատերազմներով, լրագրողի մասնագիտությունը ամենակարևորներից է և պահանջում է խիզախություն ու արդարամտություն, անաչառություն ու պատասխանատվություն: Իրենց գործունեությամբ լրագրողները հանդես են գալիս որպես քաղաքացիական հասարակության կայացման ու կատարելագործման արդյունավետ միջոց և ակտիվ մասնակից, ում մատուցած հավաստի տեղեկատվությունից ու օբյեկտիվությունից, ինչու չէ, նաև նրա բարոյական կերպարից կախված են հասարակական կարծիքն ու հասարակության առողջությունը, մարդկանց, պետությունների ու ժողովուրդների ճակատագրեր:

Մեր երկրի ԶԼՄ-ները լրագրողական միջազգային ընտանիքի արժանապատիվ անդամն են, հայաստանյան քաղաքացիական հասարակության անքակտելի մասն ու նաև շարժիչ ուժը:

Հարգելի՛ լրագրողներ, ձեր անհանգիստ ու պատասխանատու աշխատանքը պահանջված է ու անհրաժեշտ, սպասված ու գնահատելի, կենսական՝ պետության առաջընթացի ապահովման տեսանկյունից: Խոսքի ու մարդու մյուս հիմնարար ազատությունների լիարժեք ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու լրագրողի և լրատվամիջոցների գործունեության համար ստեղծված պատշաճ միջավայրը Հայաստանի իշխանությունների մշտական առաջնահերթություններից են՝ որպես ժողովրդավարական պետության կենսագործունեության կարևոր նախապայմաններ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, լավատեսություն ու հաջողություններ»: