Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալյեյին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման ընթացքում Թոմաս Հալյեն Կարեն Միրզոյանին է ներկայացրել Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին, որն առաջիկայում կզբաղեցնի ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի պաշտոնը:
Կողմերը քննարկել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել առաքելության առաջիկա ծրագրերին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը: