Ս.թ. սեպտեմբերի 3-6 ՀՀ-ում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց հիմնական նպատակն էր պատերազմական վիճակում գտնվող երկրում, «արտաքին ագրեսիայի ցանկացած դրսևորման» սցենարի պարագայում հստակեցնել և գնահատել ՀՀ պետական կառավարման և ռազմական անվտանգության ապահովման գերատեսչությունների գործողությունների ներդաշնակությունը, փոխգործակցության մակարդակը և այդ գործողությունների արդյունավետությունը:

«Շանթ-2015» հայտարարված զորավարժությունների սցենարով իրականացվել են տարհանման, պարետային ժամի հայտարարման, փախստականների ընդունման և բաշխման, նրանց բուզ.օգնության տրամադրման, քաղաքացիական պաշտպանության և այլ բնույթի գործողություններ: Բուն ռազմական գերատեսչությունների մասով զորավարժության ընթացքում անցկացվել են ինչպես պաշտպանական, հարձակողական, այնպես էլ հակահարձակման սցենարներից բխող քայլեր: Խաղարկված ռազմական սցենարներում նաև եղել է այնպիսի բաղադրիչ, որի պարագայում, եթե ռազմական հարձակման իրավիճակում ՀԱՊԿ գործընկեր պետությունը չկատարի իր պարտավորությունները և օգնության չտրամադրի Հայաստանին, մենք ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրատարր է եղել արտակարգ իրավիճակներում տեղեկատվական տիրույթում պետության անվտանգության ապահովման ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացման սցենարների իրագործումը:

Զորավարժությունների մշակված սցենարները՝ գրեթե բոլոր բաղադրիչների մասով ցույց տվեցին, որ մենք հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ընդհանուր առմամբ պատրաստ ենք իրականացնել անվտանգային ապահովման միջոցառումներ: Սակայն զորավարժությունները նաև ի ցույց դրեցին, թե ո՞ր ոլորտներում, ո՞ր չափով, ո՞ր բաղադրիչների մասով մենք ունենք թերացումներ, շտկման անհրաժեշտ իրավիճակներ: Իսկ դրանք, բնականաբար, չենք կարող չլինել:

Կարծում եմ, ամենից կարևոր երեք խնդիր զորավարժությունների ընթացքում և արդյունքում, անգամ մասնակիորեն, լուծումներ ստացան.

Նախ՝ պատերազմի մեջ գտնվող երկիրը պարբերաբար պետք է տեսատավորի իր ներուժը և անվտանգության ռեսուրսները: Երկրորդ՝ հարևան երկիրը` Ադրբեջանը (և ոչ միայն նա) պետք տեսնի և գիտակցի, թե ինչ հնարավոր հետևանքեր կարող են ունենալ իր համար ռազմական սցենարի գործարկումը: Երրորդ՝ հայ հասարակությունը չպետք է մոռանա, որ պատերազմը չի ավարտվել և հստակ գիտակցի, որ մենք իրականում՝ անգամ քաղաքացիական կյանքում, «արտակարգ ռեժիմով» ենք ապրում:

Ալեն Ղևոնդյան՝ ֆեյսբուք