Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ուլիսի» հետ ընկերական խաղով (1:1) այսօր «Փյունիկն» ավարտեց տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանն ամփոփեց այն:
«Հավաքը շատ լավ անցավ, կարևորը` առանց վնասվածքների: Ճիշտ է, արձակուրդից անմիջապես հետո մի փոքր դժվար է հունի մեջ ընկնել, բայց բոլորս էլ հանգստի ընթացքում մարզավիճակը պահել ենք: Սկսել ենք ինտենսիվ մարզումները և կարելի է ասել, որ ձեռք ենք բերել խաղային վիճակ:
Հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում անցկացրինք «Ալաշկերտի» և «Ուլիսի» հետ, որոնք առաջին հերթին մեզ խաղային պրակտիկա տվեցին: Տեսանք, թե ինչպես է ստացվում համագործակցությունը խաղադաշտում, քանի որ թիմում նոր ֆուտբոլիստներ կան: Եվ վերջապես խաղերի միջոցով է ֆուտբոլիստն իր մարզավիճակը վերականգնում»:
Արթուրը, ով մկանային վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել առաջնության վերջին մի քանի խաղերը, մասնակցել է վերոնշյալ երկու հանդիպումներին էլ: Իր մարզավիճակին անդրադառնալով` նա նշեց, որ դեռևս շարունակում է ապաքինվել. «Բուժումս դեռ ընթացքի մեջ է, չնայած ես ինձ լավ եմ զգում, մարզվում եմ ամբողջ ուժով` փորձելով հետ չմնալ թիմից»:
Վերջում ֆուտբոլիստը խոսեց նաև առաջնությունում «Փյունիկի» հեռանկարների մասին` վստահեցնելով, որ յուրաքանչյուր խաղում պայքարելու են 3 միավորի համար. «Կփորձենք բոլոր խաղերում հաղթանակ տոնել, որպեսզի բարելավենք աղյուսակում մեր դիրքերը: Հատկապես հիմա թիմ են վերադարձել Կամո Հովհաննիսյանն ու Արտակ Եդիգարյանը, ովքեր մեծ ուժ են ու շատ օգուտ կտան թիմին»: