«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցությունը մեր պետության անվտանգության ապահովման համար է:
ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ կետը սահմանում է. «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար սպառնալիքի վտանգի վերացման նպատակով»: Ինչպես հայտնի է, վերջին երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար հրետակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Հայաստանից բացի՝ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Մինչ օրս ոչ ՀԱՊԿ-ն և ոչ էլ մյուս անդամ երկրները ծպտուն չեն հանել Հայաստանի տարածքը հրետակոծելու առնչությամբ:
Այսպիսով, հերթական անգամ մենք համոզվում ենք, որ ոչ ՀԱՊԿ-ն, ոչ էլ դրա անդամները ոչ միայն մեր անվտանգության երաշխավորը չեն, այլև նույնիսկ հենց նրանք կարող են հիմնական սպառնալիքը լինել: Մի երկիր, որը իրեն դաշնակից է հռչակում, իսկ հաջորդ քայլին 5 մլրդ դոլարի զենք վաճառում թշնամուդ, ինչպե՞ս կարող է անվտանգության երաշխավորը լինել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: