Ռուսաստանի շահերը թույլ չեն տալիս, որպեսզի այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքեր ՀՀ սահմանային լարվածության մասին Նախագահ Սերժ Սարգսյանի մտահոգությանը, որի մասին ՀՀ Նախագահը բարձրաձայնեց Պուտինի հետ սեպտեմբերի 7-ին ունեցած հանդիպմանը, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը։

«Չի գտնում, որովհետև հարմար պահ է, երբ պետք է առևտուր անի Ադրբեջանի հետ զենքի վաճառքի հարցով: Իսկ սա կոչվում է քաղաքականություն, որտեղ Պուտինը պահպանում է Ռուսաստանի շահը և նաև դրանով մարտահրավեր է ՀՀ իշխանություններին, որ իրենք էլ պետք է պահեն իրենց ազգային շահը»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ Հայաստանն իրեն պետք է հավասար զգա իր ռազմավարական գործընկերոջ հետ և այստեղ պետք չէ փնտրել մեղավորներ: «Մենք պետք է նայենք մեզ և ինքներս մեզ ուժեղացնենք»,- ասաց նա:

Բանախոսի խոսքով՝ այն փոքր պետությունները, որոնք չեն կարողանում հասնել խաղաղության՝ պետք է հույսը դնեն իրենց ժողովրդի կարողությունների վրա, այդ թվում նաև դիվանագիտական կարողությունների վրա: