Ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայտարարությունը, որը պարունակում է ԼՂՀ և Հայաստանի դեմ Ադրբեջանի մերկապարանոց մեղադրանքների ավանդական հավաքածուն, ակտիվորեն տարածվում է միջազգային կազմակերպություններում և կառույցներում: Իրենց հերթին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական ԶԼՄ-ները մրցակցություն են սկսել՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից նմանատիպ դատապարտող մեկնաբանություններ կորզելու նպատակով:
Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՏԻՄ ընտրությունների դատապարտումը վկայում է ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության խուճապային վախի մասին:
Դա առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնի վրա, որտեղ ընտրությունները վեր են ածվել իշխանությունը ժառանգաբար փոխանցելու անվերջանալի գործընթացի, իրավապաշտպանները, լրագրողները հետապնդվում են այլախոհության համար, իսկ բնակչությունը զրկված է իր իրավունքներն ու ազատությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից:
Անդառնալիորեն վերջ դնելով իր երկրում ժողովրդավարության ցանկացած պատրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի հրաժարվում մարդու իրավունքների իր «չափանիշները» միջազգային հանրությանը, ներառյալ հարևան երկրներին, փաթաթելու փորձերից:
Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ, հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին՝ ԼՂՀ-ում իշխանության մարմինների ձևավորումն իրականացվում է բացառապես ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների միջոցով, որոնք ԼՂՀ քաղաքական մշակույթի անբաժանելի մաս են դարձել:
Առաջիկա ընտրությունները ԼՂՀ ՏԻՄ թվով վեցերորդ ընտրություններն են: Առաջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար, կայացել են 1998 թ. սեպտեմբերի 27-ին:
Տեղական ինքնակառավարման իրականացումը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել պետական գործերի կառավարմանը, ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի չափանիշներին լիովին համապատասխանությամբ:
Հատուկ կարևորություն տալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին՝ որպես ժողովրդի իշխանության ուղղակի և ներկայացուցչական իրականացման ձևերից մեկը և ցանկացած ժողովրդավարական կարգի հիմք, ԼՂՀ իշխանություններն այսուհետ ևս ջանքեր կգործադրեն դրա հետագա զարգացման և ամրապնդման համար: