Ինչպես տեղեկացնում է Massis Post-ը՝ երկուշաբթի օրը Վատիկանի Սբ Մարթայի մատուռում կայացել է առավոտյան պատարագ, որին մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայ կաթոլիկ հոգևորականության ներկայացուցիչներ` վերջերս ընտրված Գրիգոր Պետրոս 20-րդ պատրիարքի գլխավորությամբ:
Հռոմի պապը հայ կաթոլիկներին կոչ է արել հիշել ցեղասպանության իրենց նահատակներին:
Հռոմի պապը նաև վերստին հայտարարել է, որ աշխարհում ժողովուրդներին բաժին ընկած հալածանքների զոհ է նաև հայ ժողովուրդը:
Անմիջականորեն չնշելով Հայոց ցեղասպանությունը` Հռոմի պապը հիշեցրել է, որ հայերն առաջին քրիստոնյաներն են, որ նախ քրիստոնեության համար են հալածվել, ապա իրենց տներից անապատներ քշվել:
Հռոմի պապը հավելել է, որ բոլոր հավատավոր հայերի ու հոգևորականների հետ ցանկանում է հիշել հայ սրբերին ու նահատակներին, որ մահացել են սովից, ցրտից, խոշտանգումներից:
Պոնտիֆիկոսը առանձնակի նշել է բոլոր քրիստոնյաների և հատկապես՝ հայերի խիզախությունը` խոսելով նաև այսօրվա հալածանքների մասին, որ ահաբեկիչները Մերձավոր Արևելքում թույլ են տալիս քրիստոնյաների հանդեպ: