Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրին ներկայացրեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացությունը:
Ինչպես նշեց նախարարը, պատգամավորն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում մտցնել, մասնավորապես սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը նվազեցնել 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ գործադիրը ևս կիսում է ՀԱԿ պատգամավորի մտահոգությունը, սակայն այն չափորոշիչները, որոնք դրված են առաջարկվող փոփոխության հիմքում, չեն կարող օբյեկտիվորեն ներկայացնել վարորդների իրական սոցիալական վիճակը։
Այսպիսով` կառավարությունը բացասական եզրակացություն տվեց պատգամավորի կողմից ներկայացված օրենսդրական նախագծին։