Քանի որ սեպտեմբերի 1-ին որոշ հայ քաղաքական գործիչներ ընկան ջերմ հուշերի գիրկը` YerevanNews.am-ը առաջնորդվելով նույն սկզբունքով կազմեց ՀՀ Ազգային Ժողովի ծույլիկ պատգամավորների թոփ-10-ը, ովքեր ամենից շատն են բացակայել «դասերից»: 

Սկսենք վերջից.

«Թոփ-10»-ի վերջին հորիզոնականում է գտնվում Սադոյան Ռուբենը (բացակայել է 43 անգամ). 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

«Թոփ-9». Մարինե Մարաբյան (բացակայել է 45 անգամ).

Անկուսակցական է, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

Ինչպես տեսնում ենք լուսանկարից, պատգամավորը սիրում է թեյել, սրճել և հաճելի ժամանակ անցկացնել ԱԺ-ից դուրս: Նշենք նաև, որ նա եղել է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ-ի տնօրեն:

 «Թոփ-8». Հրանտ Բագրատյան (բացակայել է 46 անգամ).

«Ազատություն» կուսակցության անդամ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

«Թոփ-7». Գևորգյան Արթուր (բացակայել է 47 անգամ).

Հայաստանի Հանրապետական կուսակցության, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

«Թոփ-6». Գևորգյան Ռուբեն (բացակայել է 50 անգամ).

Նույն ինքը Ծաղիկ Ռուբոն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության անդամ, ինչպես նաև Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Նշենք, որ նրա հարաբերությունները լարված են գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

«Թոփ-5». Կարո Կարապետյան (բացակայել է 62 անգամ).

Հայտնի է Յուվեցի Կարո մականվամբ: Անկուսակցական է, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի  անդամ:

Վերջերս «ԲՀԿ»-ից տեղի ունեցած արտահոսքի արդյունքում այն լքեց նաև Յուվեցի Կարոն, սակայն ԱԺ կայքում մինչ այժմ նշվում է որպես ԲՀԿ խմբակցության անդամ:

Պատգամավորը հանրահայտ դարձավ ևս մեկ սկանդալային պատմության պատճառով. նա մեղադրում էր պատգամավոր Գոհար Ենոքյանին իրենից մեծ գումար հափշտակելու մեջ:

«Թոփ-4». Աշոտ Աղաբաբյան (բացակայել է 68 անգամ).

Հայաստանի Հանրապետական կուսակցության և խմբակցության անդամ, ինչպես նաև Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

ՀՀԿ-ական գործարարի գլխին սև-սև ամպեր են կուտակվել: Որքան էլ զարմանալի է, նրա «Հրազդան» տոնավաճառը սնանկ ճանաչվեց: ՀՀԿ-ական պատգամավորը պատժվեց օրենքի ողջ խստությամբ:

«Թոփ-3». Գուրգեն Արսենյան (բացակայել է 71 անգամ).

Ծույլիկների եռյակը բացում է Միավորված Աշխատանքային Կուսակցության, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը: ՄԱԿ հիմնադիր նախագահն է:

«Թոփ-2». Վարդան Օսկանյան (բացակայել է 81 անգամ).

Անկուսակցական է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ նախկին արտգործնախարարը վերջերս տեղի ունեցած դեպքերի պատճառով լքեց ԲՀԿ-ն: Այժմ խոսվում է նրա կողմից նոր կուսակցություն հիմնադրելու մասին:

«Թոփ-1». Գագիկ Ծառուկյան (բացակայել է 84 անգամ).

Զարմանալի չէ, որ «ամենածույլիկների Թոփ-10-ը» գլխավորում է Գագիկ Ծառուկյանը: Նա  գոծարար է և ժամանակ չունի ԱԺ-ում նստելու: Չնայած նա հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, բայց մանդատից չհրաժարվեց: Իր խոսքերով՝ շարունակում է մնալ ժողովրդի կողքին: 

Այսպիսով, ներկայացված բոլոր բացակաները հարգելի կամ ոչ հարգելի համարելու իրավունք ունի ԱԺ նախագահ Մեծն Գալուստ Սահակյանը:

Նշենք նաև, որ մեր կողմից ուսումնասիրվել են յոթերորդ նստաշրջանի (02/02/2015-04/07/2015) parliamentmonitoring. am-ի կողմից հրապարակված տվյալները: