Ադրբեջանում գրանցվող երկրաշարժերը միայն ցնցում են առաջացնում ՀՀ տարածքում, և մեր տարածքի հետ երկրակեղևի սեյսմաակտիվ խզվածքների առումով անմիջական կապ չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը և նշեց, որ այնպիսի ուժգին երկրաշարժ ինչպիսին գրանցվեց սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի տարածքում և զգացվեց ՀՀ-ում ու ԼՂՀ-ում, վերջին անգամ եղել էր 1999-ին:

«2015թ-ին ևս 9 սեյսմիկ ցնցում է եղել տարածաշրջանում, այսինքն՝ մեր սահմաններին բավականին մոտ, որոնք ՀՀ տարածքի վրա 3-5 բալ ուժգնությամբ ազդեցություն են ունեցել։ Սեյսմիկ ակտիվության առումով վերջին հինգ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաակտիվը եղել է 2011թ-ին և՛ տարածաշրջանի առումով, և՛ աշխարհի առումով»,-ասաց նա և հիշեցրեց Ֆուկուսիմայի, Վանի երկրաշարժերը։

Մասնագետն ընդգծեց, որ վերջին չորս տարիներին ուժգին երկրաշարժերի քանակը նվազել է։

«Հանրապետության տարածքում դիտվում է նորմալ ֆոնային սեյսմիկություն, ուժեղ երկրաշարժի նախապատրաստման տվյալներ, անոմալ երևույթներ սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցում այսօր չունենք»,-ընդգծեց նա։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանն էլ նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո ակնհայտ դարձավ, որ մինչ այդ կառուցված բոլոր շենք-շինությունները չեն դիմակայելու այն վտանգին, որը կանխատեսվում է։