Հայաստանի շախմատային Ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը, տեղեկացնում է chessfed.am-ը:

Այսօր՝ Երևանի ժամանակով 14:00-ին, կկայանան 1-ին մրցափուլի 1-ին հանդիպումները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը:

Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: Մրցաշարը կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը, մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն դոլար է: