Այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Ախթամար» մթերային խանութ այցելած հոսանքի տեսուչը ներկայացրել է մի փաստաթուղթ, որով սեփականատերը համաձայնում է էլեկտրաէներգիայի սակագնի համար վճարել բարձրացված գնով: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց խանութի սեփականատեր Արա Սաքոյանը: 

«Առավոտյան հոսանքի տեսուչը մոտեցել է խանութին թղթով, որով մենք համաձայնվում ենք օգոստոսի 1-ից հոսանքի համար վճարել թանկացված գնով: Մենք պատասխանեցինք, որ չենք ստորագրի, քանի որ համաձայն չենք: Ուղղակի, ձայնի փոփոխությամբ ասացին՝ մեկա ստորագրելու եք, նենց չի, որ հիմա չստորագրեցիք...մեկա վճարելու եք, ստորագրելու եք: Պետք ա համաձայնվեք, համաձայն լինեք, թե չէ: Թղթերը թողեցին հեռացան, ասացին՝ երկուշաբթի գալու ենք»,- ասում է Արան:

Նշենք, որ տվյալ մթերային խանութը գտնվում է Արաբկիրում: Արա Սաքոյանը այլ խանութներ տեսուչների այցելությունից տեղեկություններ չուներ:

Իսկ հարցին, թե պատրաստվում են արդյո՞ք ստորագրել փաստաթուղթը, նա ասաց. «Ես պատրաստվում էի չստորագրել, բայց դե դրանով ոչ մի լուծում էլ չի լինի: Եթե ամսվա վերջում հոսանքի հաշիվը արդեն թանկացված արծեքով հաշվեցին, ուզած-չուզած պտի վճարենք, որ չանջատեն խանութի լույսը»:

Նշենք, որ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կառավարությունը որոշել է սուբսիդավորել նաև ՓՄՁ-ների սպառած էլեկտրաէներգիայի սակագնի յոթ դրամը: