Երևանի ավագանու ընտրություններից հետո կոալիցի կազմելու հարցը Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վաղաժամ է համարում: Այս մասին նա այսօր ասաց` Աջափնյակ վարչական շրջանում` լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Տարոն Մարգարյանն անդրադառնալով իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե ինքը ատկատներով է զբաղված` դրանք որակեց ամոթ և շարունակելով ասաց.« Եթե նման խնդիրներ կան` կան իրավապահ մարմիններ, եթե իրենք նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահ մարմիններին»:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն արտահայտությանը, թե քաղաքապետը խամաճիկ է, Տարոն Մարգարյանն այսպես արձագանքեց.« Ինձ թվում է իրեն համապատասխան մարդիկ արձագանքել են: Թող ամեն մարդ, ինչ խոսում է, առաջին հերթին իր մասին խոսի, հայելու մեջ նայի իրեն»:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրասյանը ՀԱԿ համագումարին անդրադառնալով Երևանի Ավագանու ընտրություններին` ասել էր.« Տարոնն ինձ համար անձ չի, նա համակարգի մի խամաճիկն է և Տարոն չլինի, ով նշանակվի համակարգի կողմից Տարոնից լավը չի լինելու: Մենք պայքարում ենք ոչ թե անձերի դեմ, այլ համակարգի դեմ»: