Թուրքիայում արտակարգ, անսովոր իրավիճակ է. երկրում խուժանություններ են կատարվում: Հրավիրված ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տեսազանգով միացած «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների բոլոր հաշիվները տակնուվրա եղան:

«Իրենք այլևս միահեծան կառավարություն կազմելու ուժ չունեն, և ստիպված եղան այլ կուսակցության հետ կոալիցիա կազմելու, այնինչ, Թուրքիայի նախագահ Էրդողանի կուսակցությունը բնավ այդ գաղափարին մոտ չէ, քանի որ մտավախություն ունի, որ ընտրակեղծարարությունը կբացվի և դուրս կգա օրակարգ: Այդ ամենից խուսափելու համար դիմեցին աննախադեպ որոշման՝ ընտրությունների կրկնության»,-ասաց Բագրատ Էստուքյանը:

«Երկրում արտակարգ իրավիճակ է: Իշխանամետ լրատվամիջոցներն ապատեղեկատվության բոլոր միջոցներին դիմում են, և անորոշ, անստույգ վիճակ է: Խուժանություններ են կատարվում, «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության գրասենյակները հրկիզելու փորձեր են անում. քաոսային իրավիճակ է»,- ասաց  բանախոսը: