Երեկ երեկոյան, կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, որ աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: «Ժողովուրդ»-ն անմիջապես կապվել է Նազարյանի հետ, որը վստահեցրել է. «Ես իմ աշխատասենյակում եմ, աշխատում եմ, ամեն ինչ նորմալ է: Նման բան չկա»:

Զրույցից մոտ 30 րոպե անց պաշտոնապես հայտնի դարձավ, որ հրամանագիրը պատրաստ է. նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: «Սա նշանակում է, որ Ն. Նազարյանին ևս, ինչպես ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, աշխատանքից ազատեցին առանց տեղյակ պահելու և, բնականաբար, առանց բացատրությունների: Նրա փոխարեն նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը: Համաձայնեք, որ սա ժողովրդավարության ճամփան բռնած մեր երկրին հարիր գործելաոճ չէ: Բայց այս պահվածքը գալիս է ուղիղ «վերևից»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ` կեսօրից հետո, երկար ժամանակ եղել է ՀՀ նախագահի նստավայրում և Սերժ Սարգսյանի հետ քննարկել ինչպես կադրային, այնպես էլ այսօրվա միջոցառումների հետ կապված որոշ հարցեր: Բանն այն է, որ այսօր ՀՀ ոստիկանի մասնագիտական տոնն է, ու, փաստորեն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկ Նազարյանին նվեր մատուցեցին ազատման հրամանը: Թեև դեռ պաշտոնապես չի հաղորդվել, թե ինչու Նազարյանն աշխատանքից ազատվեց, այնուամենայնիվ համակարգում վաղուց էր խոսվում, որ նա ազատվելու է աշխատանքից: Պարզապես հարմար առիթ չկար, որպեսզի Ս. Սարգսյանին մատուցվեր, թե ինչու է պետք ազատվել Նազարյանից: Առիթն էլ զորավարին տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապրիլի 9-ին Նազարյանը հակված էր առավել կոշտ զարգացումների, իսկ Գասպարյանը քաղաքական իրադարձությունները տարավ աղոթքի դաշտ, դրա համար էլ Ս. Սարգսյանին առարկայական զեկուցելու թեմա ծնվեց, և Նազարյանն ազատվեց պաշտոնից»,- գրել է թերթը: