Ապրիլի 15-ին Բոսթոնում մարաթոնյան վազքի ժամանակ տեղի է ունեցել երկու հզոր պայթուն, որի արդյունքում երեք մարդ մահացել է, իսկ 100-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Բոսթոնի ոստիկանությունը: Մինչ այդ նշվում էր, որ երկու մարդ է մահացել, որոնցից մեկը 8-ամյա մի տղա է:
Ընդ որում CNN գործակալությունը, հղում կատարելով Բոսթոնի հիվանդանոցի աղբյուրներին, նշում է, որ ահաբեկչության ժամանակ վնասվել է 140 մարդ, որից 17-ը գտնվում են ծանր վիճակում:
Նշենք, որ երկու հզոր պայթուններ են տեղի ունեցել 20 վայրկյան տարբերությամբ ամենտարի տեղի ունեցող Բոսթոնյան մարաթոնի ժամանակ, որին մասնակցել են շուրջ կես միլիոն մարդ: Պայթունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 14.50 րոպեին, երբ վազքի մասնակիցների մեծ մասը հատում էին եզրափակիչ գիծը:
Հետագայում պայթունի վայրում հայտնաբերել են ևս երկու չակտիվացրած պայթուցիկ սարքեր, իսկ երրորդը հայտնաբերվել է հարևան փողոցում: Նոր պայթունների կանխման համար Բոսթոնի իշխանությունները հրաման են արձակել անջատել բջջային հեռախոսների կապը: Բացի դա նաև չեղյալ են հայտարարվել բոլոր թռիչքները Բոսթոնի տարածքում:
Որոշ ԶԼՄներում հայտնվել է տեղեկություն, որ պայթունը կազմակերպել է Սաուդյան Արաբիայի բնակիչ, որը պայթունի ժամանակ ստացված վնասվածքների պատճառով հայտնվել է հիվանդանոցում:
ԱՄՆ իշխանությունները պայթունը արդեն որակել են որպես ահաբեկչություն, որի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի վերցրել իր վրա: