Ինչ-որ մեկը՝ Ալավերդուց ուսուցիչ Էդիկ Շահվերդյան, խիստ մտահոգվել է, որ Թբիլիսիի Խոջիվանքի հայոց մեծերի պանթեոնում թաղել են Վրաստանի ժողովրդական, Հայաստանի վաստակավոր արտիստ ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆԻՆ:Եվ այս իբր ուսուցիչը լրատվամիջոցին տեղեկացրել է, թե դերասանուհին թաղվել է մայթին՝ հեգնելով, թե բառացի են հասկացել դերասանուհու խոսքը՝ թաղվել իր ամուսնու կողքին... Իհարկե, ցանկալի կլիներ, որ լրատվամիջոցը, իբր սկզբունքային վարժապետի խոսքը հանրությանը հանձնելուց առաջ, ուսումնասիրեր փաստը, չգրեր մի նյութ, որը հեղինակազրկում է Վիրահայ համայնքին, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնին, որն իրականացրել է նշանավոր դերասանուհու հուղարկավորությունը:
Անկախ դերասանուհու ցանկությունից՝ թաղվել իր ամուսնու կողքին, նրա հուղարկավորությունը հենց Խոջիվանքում էր տեղի ունենալու՝ որպես հայոց մեծերի շառավիղ: Իհարկե, Վրաստանի կառավարությունը չէր զլանա և իր ժողովրդական արտիստին կթաղեր վրաց արվեստի ու գրականության մեծերի պանթեոնում, սակայն հայ համայնքը նրան հուղարկավորել է իր յուրատեսակ հայրենի հողում:
Ժամանակին վրացական իշխանություններն ավերեցին Խոջիվանքի հայկական գերեզմանատունը, հաջողվեց փրկել մի փոքրիկ հատված, որն էլ վերածվեց պանթեոնի: Սաակաշվիլու կառավարման տարիներին միտումնաբար Խոջիվանքում կառուցվեց Վրաստանի ամենամեծ եկեղեցին, որպեսզի պանթեոնը ոչնչացվի, սակայն Պ. Ադամյանի անվան թատրոնն ամեն գնով պահպանեց այն: Պանթեոնը նեղլիկ է, հարմարություններ չկան, և Սերիկ Շեկոյանին հուղարկավորել են հարմար տեղում, այո, սալահատակը բացելով: Եվ ճիշտ են վարվել:
Ինչ վերաբերում է ,,իմաստուն վարժապետի,, խորհրդին՝ թաղել ամուսնու վրա, ապա թող այդպես վարվի ինքն իր հետ, մի բան, որ ոչ իրեն են հիշելու ու ճանաչելու, ոչ էլ նրան, ում վրա կթաղեն իրեն...
Մի բան էլ, ալավերդցի ,,մտահոգ վարժապետը,, հետին թվով խելացի երևալու փոխարեն, լավ կաներ, եթե իր հայրենի քաղաքի կողմից մի ծաղկեպսակ տաներ Սերիկ Շեկոյանի գերեզմանին, չէ՞ որ նշանավոր դերասանուհին մի քանի տարի աշխատել է Ալավերդու պետական թատրոնում...
Միով բանիվ, այդ վարժապետը թող դասեր տա իր դպրոցում, իսկ դերասանուհու գերեզմանը հանգիստ թողնի...
Լևոն Մութաֆյան՝ ֆեյսբուք