Ալյասկայի ռազմական ոստիկան Ուիլյամ Քոլթոն Միլեյը դատապարտվել է 16 տարի ազատազրկման ԿՀՎ­ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեղադրանքով: Վերջինս  թաքնվել  է «ռուս լրտես» կեղծանվան տակ: Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը նա փորձել է հաղորդել տեղեկություններ F -22 ինքնաթիռի մասին:

Ռազմական դատարանը Կենտուկի նահանգի բնակչին դատապարտել է 19 տարի ազատազրկման, սակայն ժամկետը կրճատվել է մինչդատական փոխհամաձայնության հիման վրա: Ռազմական դատարանը նշել է, որ Միլեյը խիստ զայրացած է եղել ԱՄՆ­ի ոստիկանության և պետության վրա, ուստի փորձել է վաճառել գաղտնի տեղեկատվություն օտարազգի գործակալի՝ անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն կարող էր թանկ արժենալ ամերիկացի զինվորների կյանքի համար: Միլեյը ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:  

Միաժամանակ իրավապաշտպան կողմը հայտարարել է, որ Միլեյը էմոցիոնալ սպառում է ապրել և ցանկացել է իր վրա գրավել ուշադրություն: Պաշտպանները պնդել են, որ ոստիկանը կարիք ունի հոգեբանական վերականգման:

Միլեյը ծառայել է Ալյասկայի Էլմենդորֆ­ Ռիչարդսոն համատեղ ռազմաբազայում, որը ամենամեծ ամերիկյան բազան է Արկտիկայում: Այդտեղ է գտնվում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի և բանակի ղեկավարությունը:

Ռազմական ոստիկանության աշխատակիցը նաև ծառայություն է անցել Իրաքում և Հարավային Կորեայում: Նրան ձերբակալել են 2011 թվականի աշնանը համատեղ ԿՀՎ­ի և հակահետախուզական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: