2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում: Ստորև ներկայացնում ենք այս խնդիրների վերաբերյալ Պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականները.

 

ԱրմենՄարտիրոսյանիհետտեղիունեցածմիջադեպ

Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ ապրիլի 9-ի երեկոյան «Ազատության» հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմեն Մարտիրոսյանը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան և չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները` խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով ոստիկանները, ղեկավարվելով նույն օրենսգրքի 258-րդ հոդվածով, Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության համապատասխան բաժանմունք:

 

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ինքն ապրիլի 9-ին իրավախախտում չի կատարել և ոստիկանների գործողությունները որակել է ապօրինի, հակասահմանադրական և հակաիրավական:

 

Զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ ոստիկաններին որոշակի դիմադրություն ցույց տալուց հետո Արմեն Մարտիրոսյանը վնասազերծվում է Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն նույնիսկ դիմադրությունը դադարեցնելուց հետո ոստիկաններից մեկը շարունակում է  ոտքով հարվածներ հասցնել Արմեն Մարտիրոսյանի դեմքին: Դարձյալ զանգվածային լրատվության միջոցներից հայտնի է դարձել, որ վնասազերծված և այլևս չդիմադրող քաղաքացուն բազմակի հարվածներ հասցնող ոստիկանը 1990 թվականի ծնված Մերձավանի բնակիչ Արթուր Ղազարյանն է: Մինչդեռ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական ուժի գործադրումը, որպես բացառիկ միջոց կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով Ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

 

Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ այս կապակցությամբ Ոստիկանության պետի հրամանով միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողի կողմից կիրառված ուժի իրավաչափության և համաչափության հարցը քննարկելու համար նշանակվել է ծառայողական քննություն: Ողջունելի է Ոստիկանապետի հատուկ ուշադրությունը նշված միջադեպի նկատմամբ, քանի որ մեկ ոստիկանի ոչ իրավաչափ գործողությունը և դա անհետևանք թողնելը կարող էր ստվերել ապրիլի 9-ին ոստիկանության կողմից կատարված լայնածավալ և շատ առումներով դրական աշխատանքը: Ակնկալում ենք, որ Արմեն Մարտիրոսյանի միջադեպի ընթացքում օրենքը խախտած բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց դիրքից և պաշտոնից կենթարկվեն համաչափ պատասխանատվության: Շարունակելու ենք հետևել այս միջադեպի քննությանը և դրա արդյունքներին:

 

 

Միշարքանձանցբերմանևվարչականպատասխանատվությանենթարկելուվերաբերյալ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերման ենթարկված 16 անձանց դեպքերի կապակցությամբ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել էին, որ վերջիններս բերման են ենթարկվել հավաքի վայրից՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով և կարճ ժամանակ անց ազատ արձակվել: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 262-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ: Նշվածի վերաբերյալ որևիցե բողոք կամ ահազանգ չի ստացվել: Այս մասին են վկայել նաև Ոստիկանության համապատասխան բաժիններում ներկա գտնված Պաշտպանի արագ արձագանքման խմբերը: Դրական է նաև այն, որ բոլոր այն դեպքերում, երբ բերման ենթարկված անձինք պահանջել են փաստաբանի մասնակցությունը՝ այն ապահովվել է:

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ անձը կարող է բերման ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է և երբ տեղում այն կազմելը հնարավոր չէ: Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն:

 

Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց թվում է եղել նաև ՀՀ նախագահի  նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով չի ընդունել իր մեղքը և ըստ իր հրապարակայնորեն հայտնած դիրքորոշման չի պատրաստվում վճարել տուգանքը և պատրաստվում է վիճարկել վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրությունը դատարանում: Հարկ ենք համարում փաստել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ)» կետի` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը, այսինքն այս դեպքում ՀՀ Ոստիկանությունը:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ իր մի շարք որոշումներում վարչական ձերբակալման և անձի ազատության սահմանափակման վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը: Մասնավորապես` Սթիլը և ուրիշները ընդդեմ Մեծ Բրիտանիայի  գործով դատարանը սահմանել է, որ իրավապահ մարմինների կողմից անձի ձերբակալումը և/կամ ազատության սահմանափակումը օրինաչափ է, եթե անձի կողմից խախտվել է  հասարակական կարգը կամ եթե առկա են եղել ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ անձը կխախտի հասարակական կարգը:

 

Այսպիսով, ընդհանուր առմամբ նման իրավիճակներում առանձին անձանց ոստիկանություն բերման ենթարկելը ինքնին ապօրինի չէ, սակայն առանձին դեպքերում ոստիկանության գործողությունների հետ անհամաձայնություն հայտնած քաղաքացիները կարող են Ոստիկանության գործողությունները և որոշումները վիճարկել դատարանում:

 

 

 

 

Բաղրամյան պողոտայի փակ լինելը

2013 թվականի ապրիլի 9-ին անցկացվող խաղաղ հավաքի ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել էր ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս հարցի կապակցությամբ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ երթուղին սահմանափակվել էր Երևանի քաղաքապետի 04.04.2013թ. № 70 որոշմամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մի շարք արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքը ապահովելու նպատակով: Բացի այդ նշված գործողության հիմք է հանդիսացել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի ոստիկանությունն իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ հավաքն արգելվում է, եթե այն անցկացվելու է Հանրապետության Նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրա բնականոն գործունեությանը:

 

Խաղաղ հավաքների անցկացման իրավունքի սահմանափակման վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հստակ սահմանվել են այն պահանջները, որոնց առկայության դեպքում այն կարող է դիտվել իրավաչափ, եթե սահմանված է միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, և այլոց սահմանադրական իրավունքների, ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար (Օսմանը և այլոք ընդ. Մակեդոնիայի): Տվյալ դեպքում թե «Ոստիկանության մասին» և թե «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքները սահմանում են հստակ պահանջներ նման սահմանափակումներ նախատեսելու համար, ինչպես նաև Ոստիկանության հիմնավորումը իրենց կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ վերաբերում էր հասարակական կարգի պահպանմանը: Բացի այդ նշված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Պատյին և ուրիշներն ընդ. Հունգարիայի գործով դիրքորոշմամբ սահմանել է, որ իրավաչափ է անձանց խաղաղ հավաքներ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը, նույնիսկ այն դեպքերում, երբ հավաքի մասնակիցները այն իրականացնում են այնպես, որ դա խոչընդոտում է երթևեկությանը, և այնպիսի տեղում, որը հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել այլ հետիոտների ազատ տեղաշարժման խոչընդոտմանը:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ Բաղրամյան պողոտան փակելու Ոստիկանության գործողությունն իրավաչափ էր, իսկ Երևանի քաղաքապետի 04.04.2013թ. № 70 որոշումը երթի կազմակերպիչների կողմից կարող էր բողոքարկվել բացառապես դատական կարգով:

 

 Պաշտպանի աշխատակազմ