«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ առավոտյան Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի խաղողի այգիներից մեկում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից «Նիսսան» մակնիշի մեքենա է վնասվել:
Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը: Նա պատմեց, որ երեկ ժամը 10:30 րոպեին, խաղողաքաղի ժամանակ գնդակոծվել է Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրի բնակիչ Արթուր Թամրազյանի 2002 թվականի արտադրության «Նիսսան Ջիպ» մակնիշի ավտոմեքենան:
Արթուր Թամրազյանը խաղողաքաղի նպատակով մարդիկ էր տեղափոխել այգի, երբ տեղի է ունեցել դեպքը: «Կրակոցից ամբողջությամբ փշրվել է մեքենայի ետնապակին: Ամբողջությամբ գնդակոծվել է մեքենայի աջակողմյան մասը: Բարեբախտաբար՝ որևէ անձ չի տուժել: Էս պահի դրությամբ, համայնքի՝ սահմանին հարակից այգիներում խաղողաքաղը դադարեցված է: Մարդիկ փորձում են իրենց բերքը հավաքել, իսկ դարավոր թշնամին իր նենգ գործն է կատարում»,-պատմեց Այգեհովիտ համայնքի ղեկավարը:
Սա Այգեհովիտում երկրորդ նմանատիպ դեպքն է՝ ընդամենը երկու օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ սեպտեմեբերի 15-ին էլ ադրբեջանական դիպուկահարի կրակոցներից ամբողջությամբ այրվել էր Այգեհովիտի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այն ժամանակ բնակիչները դիմել էին Կարմիր Խաչի միջազգային գրասենյակ՝ խնդրելով միջնորդել, որպեսզի դադարեցվեն կրակոցները, իրենք էլ խաղողաքաղ կազմակերպեն: Մեր հարցին՝ Կարմիր Խաչի միջոցով իրավիճակը կարգավորելու փորձերը հաջողություն չունեցա՞ն, Լևոն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, որևէ արդյունք չեղավ: Իմ կարծիքով՝ չի էլ լինի: Կատարվածի մասին մեր մարզային ղեկավարությունը տեղյակ է, մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ վնասների հատուցումների նպատակով ակտեր ենք կազմել: Գնահատող կազմակերպությունը կգնահատի վնասի չափը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: